qaz-2-1024x384.jpg

Բեքբոնը Բեքբոնի մասին: Մարիամ Ստեփանյան, գեղարվեստական տնօրեն

This post is also available in: English

 

Անշուշտ, Երջանիկ Կարող Ենք Մեզ Համարել, Որ Ստեղծագործական Անսահման Տաղանդով Oժտված Սրամիտ Մարիամը Մեր Թիմի Անդամ Է։ Նա Միացել Է Բեքբոնին Որպես Նկարազարդող, Իսկ Բոլորովին Վերջերս Նշանակվեց Մեր Ստուդիայի Գեղարվեստական Տնօրեն։ Անկասկած, Նա Շատ Ասելիք Ուներ, և Մենք Խորը Զրույցի Բռնվեցինք Մի Անձրևոտ Երեկո․ Ունեցանք Հետաքրքիր Արդյունք, Ինչպես և Ակնկալում Էինք։

a

 

Կուզենայինք ավելի իմանալ այն մասին, թե ինչպես ամեն ինչ սկսվեց կպատմե՞ս

Արվեստն իմ կյանքում փոքրուց բնական երևույթ է եղել, քանի որ մեծացել եմ այդ միջավայրում։ Մեր ընտանիքում չորրորդ սերնդի նկարիչ եմ և վաղ հասակից հետևում էի, թե ինչպես է հայրս ստեղծագործում։ 14 տարեկանում արդեն հստակ գիտեի, որ ուսումս շարունակելու եմ Թերլեմեզյանի գեղանկարչության բաժնում։ Ես չունեի ընկերներ մինչ դպրոց ընդունվելը, նրանց փոխարինում էին իմ նկարած ընկերները։ Օրս սկսում ու ավարտում էի նկարելով, քանդակելով, երգելով ու ինձ թվում էր՝ շատ կարևոր գործով եմ զբաղված։

 

Ո՞րն է քո աշխատանքի փիլիսոփայությունը

Նկարչությունն անսահման հնարավորություններ է բացում ստեղծագործողի առջև։ Ազատագրող մի բան է, երբ քո դիմաց ունես մաքուր, սպիտակ թուղթ և կարող ես լցնել այն այնպես, ինչ կամենաս։ Դու ունես կատարյալ ազատություն և դու ես որոշում՝ որքան հեռուն գնաս այդ ազատության հետ և ինչպես այն օգտագործես, բայց նաև քաջ գիտակցում ես, որ այն իր հետ մարտահրավերներ է բերում և քո պարտականությունն է դրանք հաղթահարել։ Ազատությունը քո առջև հարցեր է դնում․ արդյո՞ք կյանքն ավելին է, քան պարզապես միջանցիկ մի տարածություն, որով պետք է անցնես։ Չե՞ս ուզում բացել ու բացահայտել ճանապարհին քեզ հանդիպող դռները։ Ես այն համոզմունքն ունեմ, որ կյանքն ինքնին բացահայտումներն են, համառությունը և նպատակներին հասնելու համար մղվող պայքարը։ Եվ նկարչության մեջ ինձ հատկապես գրավում է այն, որ այն ինձ հնարավորություն է տալիս արտահայտելու թե՛ լավ և թե՛ դժվար օրերիս զգացումները։

 

Ո՞րն է քո ոգեշնչման աղբյուրն ու  ի՞նչն է քեզ առաջ մղում

Առավոտյան արևը․ առաջին բանը, որ անում եմ աչքերս բացելուց հետո՝ նայում եմ երկնքին ու հենց ինքն էլ թելադրում է իմ տրամադրությունը։ Արևը վերաստեղծման ու վերածնության նշան է, երբ գիտես, որ, անկախ ամեն ինչից, նոր օր է սկսվել՝ նոր հնարավորություններով, նպատակներով լի։ Դա ինձ շատ է ոգևորում օրվա սկզբում, ասես բնությունն ինձ ուժ է տալիս առաջ գնալու և բարին ստեղծելու, ինչ-որ բան փոխելու, իմ էներգիան և ընդունակություններն օգտագործելու՝ իմ շրջապատում դրականը տարածելու համար․․․ այնպես, ինչպես արևն է ամեն օր ծագում՝ լուսավորելով աշխարհն ու ջերմացնելով մարդկանց։

 

Վերջերս շուկայում հայտնվեց հայկական Անի Կաթ վերաբրենդավորված ապրանքանիշը և այժմ բրենդի նոր «դեմքն» ամենուր է՝ գովազդներում, ցուցանակներում և, իհարկե, մթերային խանութներում։ Որպես նկարազարդումների հեղինակ՝ մի փոքր կպատմե՞ս ընթացքի մասին ինչպիսի՞ զգացողություն է քո աշխատանքն այդպես մասշտաբային տեսնելը

Աշխատանքային սկզբունքն այս նախագծի համար նույնն էր, ինչ բոլոր մեր նախագծերի դեպքում․ վերջնական տարբերակն ընտրվում է մի շարք հնարավոր գաղափարներից ու պատկերազարդումներից։ Այդ հնարավոր տարբերակներից էր գույզնզգույն ծաղիկներով կովիկը։ Ես հորինել էի նրա կերպարը, սակայն մեծ հույսեր չունեի, որ հենց այն կընտրվեր մյուս տարբերակներից և կհայտնվեր շուկայում։ Ամեն դեպքում, իմ թիմակիցների ոգևորիչ և դրական արձագանքն ինձ ստիպեց իսկապես պատկերացնել «ծաղիկ կովին» որպես իրական կերպար։ Ես պատկերացնում էի, որ նա ուր որ է դուրս կպոկվի թղթից և կշտապի հայտնվել կաթնամթերքի փաթեթավորման սպիտակ երեսին։ Աշխատանքդ այդքան մասշտաբային տեսնելը, գիտակցելը, որ այն սպառում են քեզ շրջապատող մարդիկ և որ այն դարձել է նրանց ամեն օրվա մի մասը, այնքան ոգևորող և հրաշալի զգացողություն է։ Այն, որ «ծաղիկ կովը» մարդկանց ժպիտ է պարգևում , ամենամեծ բավականությունն է պատճառում։ Հենց դա էր նպատակը, և մենք ուրախ ենք, որ մեր աշխատանքն այսքան դրական էմոցիաներ է փոխանցում։

 

Սեպտեմբերին դու նույնպես մասնակցում էիր Pentawards-ի մրցանակաբաշխության արարողությանը։ Ի՞նչը քեզ հատկապես դուր եկավ գործուղման ընթացքում

Դա իմ առաջին այցն էր Լոնդոն, և ես ուղղակի հիացած եմ այդ քաղաքի ճարտարապետությամբ և դիզայնով։ Ակնհայտ է, որ այնտեղ մեծապես գնահատվում է քաղաքի անցյալը, և դա արտացոլվում է նրանց ճարտարապետության մեջ։ Հնագույն շինությունները շատ լավ են պահպանում։ Բացի այդ, ամեն մանրուք ունի շատ լավ մտածված դիզայն, ոչինչ հենց այնպես չի արված, և հենց դա է ապահովում կատարյալ ներդշնակությունն այս քաղաքում։ Դիզայնը միայն հատուկ վայրերի համար չի պահված, այն ամենուր է։ Եվ ինձ հատկապես տպավորեց տրանսպորտը։

Լոնդոնում արվեստի հետ շփվելու համար պարտադիր չէ թանգարան այցելել. դու կարող ես պարզապես մետրոյի առաջին իսկ պատահած կայարանում իջնել։ Լոնդոնն ինձ հիշեցրեց, որ դիզայնն իսկապես համաշխարհային լեզու է, և եթե նույնիսկ այնտեղ հայտնվել ես հեռավոր մի վայրից, քաղաքն անմիջապես հարազատ է դառնում քեզ, և դու քեզ հանգիստ ես զգում այնտեղ․ այն կարծես խոսում է քեզ հետ պատկերներով և դու նրան հասկանում ես։

 

Ինչպես արդեն նշվեց՝ վերջերս նշանակվել ես ստուդիայի գեղարվեստական տնօրեն, շնորհավորում եմ այդ կապակցությամբ։ Ի՞նչ փոփոխություններ իր հետ բերեց այս կարևոր իրադարձությունը

Շնորհակալ եմ։ Իհարկե, գեղարվեստական տնօրենի պարտականություններն անհամեմատ շատ են։ Այժմ ոչ միայն պատասխանատու եմ իմ աշխատանքի համար, այլև հետևում եմ ստեղծագործական թիմի աշխատանքին, ինչն իսկական մարտահրավեր է։ Բայց ես երջանիկ եմ, քանի որ արդեն տարիներ է, ինչ աշխատում եմ այս թիմի հետ, և մենք ավելին ենք, քան պարզապես գործընկերներ․ մենք իսկապես մտերիմ ընկերներ ենք։ Դա շատ է հեշտացնում ամեն ինչ։ Ես նրանց լավ եմ ճանաչում, նրանք էլ ինձ։ Յուրաքանչյուրս գիտենք մեր աշխատելաոճը, ինչպես ենք մտածում, որոնք են մեր ուժեղ կողմերը։ Այժմ գիտակցում եմ, որ իմ պարտականությունները չեն սահմանափակվում ստեղծագործական աշխատանքով։ Ես նաև ներգրավված եմ ղեկավարական գործընթացում՝ նախագծի սկզբից մինչև այն հանձնելը։

 

Չնայած երիտասարդ տարիքիդ՝ այս ոլորտում ունես տարիների փորձ ի՞նչ խորհուրդ կտաս քո ոլորտի երիտասարդ սկսնակներին

Խորհուրդ կտամ իսկապես հավատալ սեփական ուժերին։ Մենք շատ հաճախ զարմացնում ենք ինքներս մեզ և մեր սպասածից ավելիին ենք ընդունակ։ Մի՛ վախեցեք ինքներդ ձեզ մարտահրավերներ նետել, արեք ավելին, քան կարծում եք, թե ձեր ուժերի սահմաններում է։ Սա է աճի և զարգացման միակ ճանապարհը։ Եվ սկսնակ դիզայներների համար հենց սկիզբն է լավագույն ժամանակը՝ իրենց ընդունակությունները փորձելու։ Ստեղծարար լինել նշանակում է մտածել ստանդարտից դուրս և համարձակություն ունենալ մտքերը բարձրաձայն արտահայտելու։ Մի՛ կաշկանդվեք երևակայելուց և ձեր թարմ լուծումներն առաջարկելուց։ ՉԷ՞ որ հենց այդպես են ծնվում ամենայուրօրինակ գաղափարները։

 

Ի՞նչն է քեզ ամենից շատ դուր գալիս Բեքբոնում

Երկու բան․ առաջինը՝ թիմը։ Իսկապես կարևոր է ամեն առավոտ արթնանալ և գիտակցել, որ աշխատելու ես այն մարդկանց հետ, որոնց միշտ ուրախ ես տեսնել, որոնց հետ պատրաստ ես նոր գաղափարներ ու ստեղծարար մտքեր փոխանակելու։ Երկրորդն այն գիտակցումն է, որ մեր գործունեությունը խորապես նպաստում է Հայաստանում դիզայնի հեղափոխությանը։ Մենք համախմբված կերպով ծառայեցնում ենք մեր ուժերը, ջանքերն ու ռեսուրսները լավ նպատակի՝ մարդկանց դրական մտքեր հաղորդելու, նրանց առօրյան գեղեցկացնելու և դիզայնի ոլորտում նկատելի առաջընթաց ապահովելու։ Սա ամենակարևորն է․ գիտակցել, որ ներդնում ես քո լուման երկրիդ և գալիք սերունդների ապագայի կերտման գործում։

 

 

Share your thoughts